Գավառի պետական համալսարանում կայացել է հանդիպում ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Պետր Պիրունչիկի և ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Կորնել Իոնեսկուի հետ՝ «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» խորագրով։
Ինչպես հայտնում են Գավառի պետական համալսարանից, հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած «Եվրոպայի օրերի» միջոցառումների շրջանակում։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ անդրադառնալով կրթության և միջազգային համագործակցության կարևորությանը՝ երիտասարդների մասնագիտական կայացման և մրցունակության ապահովման գործում։ Դեսպաններ Պետր Պիրունչիկը և Կորնել Իոնեսկուն ներկայացրել են ուսանողների և դասախոսների համար նախատեսված ԵՄ կրթական, գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև եվրոպական փորձը երիտասարդական քաղաքականության ոլորտում։
Մասնակիցները հյուրերին ուղղել են հարցեր միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի, միջբուհական համագործակցության հնարավորությունների մասին։