Առաջինը քաղաքացին պետք է հասկանա, թե տվյալ քաղաքական ուժը որքանով է կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետև ստեղծվում են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք որևիցե ճանապարհ չեն անցել և տալիս են երկար ու մեծ խոստումներ։ Քարոզարշավի 9-րդ օրը Երևանում հայտարարել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ պետք է տեսնել թե այս կամ այն քաղաքական ուժը ինչ հետագիծ ունի, արդյոք այնտեղ ներգրավված են մարդիկ, ում խոստումները արժեք ունեն։ «Ազգային-ժողովրդավարական բևեռում ներգրավված են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր երկրի համար, հալածվել են, բանտարկվել են, ընդհուպ մինչև մահափորձեր են եղել մեր նկատմամբ, սակայն մենք չենք նահանջել և դրանով իսկ ապացուցել ենք մեր հանրությանը, որ մեր պայքարը հանուն իշխանության կամ հանուն խոստումների չէ․ մեր պայքարն ունի բացառապես գաղափարական հենք և մեր պայքարը մեր երկրի և ժողովրդի համար է»,- նշել է Սաֆարյանը։
Ըստ նրա՝ մյուս չափորոշիչը այն է, թե ինչ մոտեցում է առաջարկում այս կամ այն քաղաքական ուժը։
«Մենք տասնամյակներ շարունակ գտնվում ենք պայքարի մեջ և մեր գաղափարները ներկայացրել ենք հանրությանը, և մարդիկ կարող են ուղղակի մտնել համացանց և տեսնել բոլոր մեր մոտեցումները որոնք մենք ներկայացնում ենք ցավոք սրտի չլսվեցին և մենք եկանք հասանք այս ծայրահեղ ծանր վիճակին»,- ասել է Սաֆարյանը։