Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն:
Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն:
Մայիսի 16-ին Factor.am-ը հայտնել էր, որ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացին։ Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ինքնասպան եղածն Ա. Հ․-ն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել։ Թեեւ նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, սակայն դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քննչական կոմիտեում՝ արարքը համարելով քարոզչություն կատարելուն կերպ խոչընդոտել։
Մայիսի 17-ին Առողջապահության նախարարությունը պարզաբանել էր դեպքը՝ նշելով, որ տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ «Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,- նշված «Արմենպրես»-ի տարածած պարզաբանման մեջ։