mip-anahit-manasyan

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքը, նշվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

« Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։

Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը։
Նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։
Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում կիրառված հսկողության միջոցների, բժշկական արձագանքի, ինչպես նաև ինքնասպանության ռիսկերի գնահատման և կանխարգելման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։
Պաշտպանը վերահաստատում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է առավել զգայուն, մասնագիտական և շարունակական մոտեցում, իսկ նման ողբերգական դեպքերի կանխարգելումը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը»,- նշված է հայտարարությունում։

Մայիսի 16-ին Factor.am-ը հայտնել էր, որ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացին։ Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ինքնասպան եղածն Ա. Հ․-ն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել։ Թեեւ նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, սակայն դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քննչական կոմիտեում՝ արարքը համարելով քարոզչություն կատարելուն կերպ խոչընդոտել։

Մայիսի 17-ին Առողջապահության նախարարությունը պարզաբանել էր դեպքը՝ նշելով, որ տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ «Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,- նշված «Արմենպրես»-ի տարածած պարզաբանման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն