Դավթաշենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց և զրուցեց Միկոյան 64 շենքի բնակիչների հետ։
Բնակիչները նշեցին, որ պետական կառույցների անգործության հետևանքով իրենք լուրջ խնդիրների առաջ են կանգնել․ «Էս մարդը հուլիսին ստացել է շինթույլտվություն։ Մենք օգոստոսին դիմել ենք Հակակոռուպցիոն կոմիտե, որ էստեղ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներով, ապօրինի փաստաթղթերի հիման վրա, տվել են կառուցապատման թույլտվություն։ 9 ամիս է արդեն էդ հարցով դիմել ենք Հակակոռուպցիոն կոմիտեին»,- նշեցին նրանք։
Փաշինյանն արձագանքեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեին կգրի այս հարցով։ Նա պնդեց, որ փոխվարչապետը զբաղվում է այս հարցով, ինչին բնակիչներից մեկն արձագանքեց՝ «Բա մեր գործով զբաղվող հանձանոժողովում մեզնից մարդ չլինի՞»։ Փաշինյանը նշեց, որ կապահովի, որ բնակիչներից մեկը ներգրավված լինի։
Մյուս խնդիրն, ըստ բնակիչների, դատախազության հայցն է, որը վիճարկում է 20 տարի առաջ հողատարածքի օտարման օրինականությունը։
«Մեր պարագայում Կադաստրի պետական կոմիտեն պետական գրանցումներ չէր անում՝ հիմնվելով դատախազության հայցի վրա, մեր սեփականության իրավունքը մեզ չէր փոխանցում։ Բայց միևնույն ժամանակ այս հողամասում այս շենքն էր կառուցվում։ Դատախազությունը, Կադաստրի կոմիտեն ոչ մի բան չէին անում»։
Բնակիչները նշեցին, որ իրենք ակնկալում են՝ պատկան մարմինները՝ ի դեմս հակակոռուպցիոն կոմիտեի, քաղաքաշինության կոմիտեի, տեսչական մարմնի, պարզեն, թե կեղծ փաստաթղթերով կառուցապատման ծրագիրը ոնց է ստացել քաղաքաշինական փասատթղթեր։
«Ես փոխվարչապետին հանձարարել եմ այդ հարցին տալ լուծում։ Այդ հարցերը, որ ուզում եք երեք օրում լուծեք, չի լինի»,- ասաց Փաշինյանը։
Երբ բնակիչներից մեկն ասաց, որ «խնդիրը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է», վարչապետն արձագանքեց․ «Էդպես չի լինում։ Էս երկրում օրենք կա։ Ես կայսր չեմ»։
Բնակիչների բողոքներին ու մտավախություններին, որ երաշխիք չկա, որ հողատարածքն ի վերջո կանաչապատ կլինի, Փաշինյանն արձագանքեց՝ տեղում զանգահարելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։
«Պարոն Խաչատրյան, Միկոյան 64-ի բնակիչների հետ կապ պահենք, որ մարդիկ տեղյակ լինեն, ինչ ենք անում, ուր ենք հասել, ինչ ժամկետներ ենք պատկերացնում, ինչ ճանապարհ ենք պատկերացնում, որ խնդիրը լուծվի։
Խնդիրը հետևյալն է․ մեկ՝ որ իրենք իրենց տների սեփականության վկայականները ստանան։ Երկորդը՝ նախնական հաստատված նախագծի համաձայն՝ շենքը կանաչապատ տարածքներով շրջապատված լինի։ Երրորդ՝ հողի բաժնային սեփականության հարցն է, դատախազությունը զբաղվում է։ Արդյունքում՝ դա էլ լուծվի։ Եվ էնտեղ հիշում եք՝ կանխիկ վճարումների հետ կապված հարցեր կան, հասկանանք՝ դրանք ոնց ենք լուծում»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը բնակիչներից մեկի հեռախոսահամարը փոխանցեց Խաչատրյանին՝ գործի ընթացքից տեղյակ պահելու համար։