Ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. Անահիտ Մանասյան

Ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված երկու կլոր սեղան քննարկումների։ Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

«Պաշտպանը բացման խոսքով հանդես է եկել Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած՝ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» և Դիգնիթի ՀԿ-ի կազմակերպած՝ «Ժողովրդավարության սրտում» խորագրերով քննարկումներին։

Իր ելույթներում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը չի կարող լիարժեք գործել հանդուրժողականության և համերաշխության բացակայության պայմաններում, իսկ ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից կամ ենթարկվել խտրական վերաբերմունքի։

Պաշտպանն առաջին հերթին կարևորել է հակախտրականության ոլորտի առնչությամբ առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումն ու խտրական և ատելության խոսույթի բացառումը մեր հասարակական միջավայրից՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2023 թվականից սկսած թե´ հաստատության գործունեության, թե´ տարեկան հաղորդումների շրջանակում լրիվ նոր և համապարփակ մոտեցում է որդեգրել նշված ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման համակարգի առնչությամբ:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ հասարակությունում առկա կարծրատիպերի և նախապաշարմունքների հաղթահարման համար անհրաժեշտ են կրթական և համակարգային բարեփոխումներ, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետների, այդ թվում` իրավապահ, առողջապահական և կրթական համակարգերի ներկայացուցիչների վերապատրաստումներ և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ` մարդու իրավունքների զգայուն հարցերի պատշաճ հասցեավորման նպատակով։

Անդրադառնալով ատելության և խտրական խոսքի խնդրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատության մշտադիտարկումների արդյունքում շարունակաբար արձանագրվում են խտրական խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներ, ինչպես նաև իրավահավասարության ոլորտին առնչվող թեմաների օգտագործմամբ ապատեղեկատվական արշավներ, այդ թվում` ընտրական գործընթացների ընթացքում, որոնք պահանջում են հետևողական և արդյունավետ հակազդում։

Պաշտպանը շեշտել է նաև իրավահավասարության և հակախտրականության վերաբերյալ համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը:

Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների և դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ աշխատանքը՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զգայուն խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից։

Քննարկումների ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել միջոցառումների կազմակերպիչներին՝ Փինք և Դիգնիթի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ոլորտում ներգրավված բոլոր գործընկերներին՝ շարունակական համագործակցության համար։
Միջոցառումներին մասնակցել են նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը, Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն