factor.am Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաները կիրակի հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել ատոմակայանում։ France 24-ի հաղորդմամբ՝ ԱՄԷ պաշտոնյաները հայտարարել են, որ հետաքննում են հարվածի աղբյուրը, և որ Աբու Դաբին իրավունք ունի արձագանքելու նման «ահաբեկչական հարձակումներին»։ ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդականը նշել է, որ դա վտանգավոր սրացում է։
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ևս երկու անօդաչու թռչող սարք «հաջողությամբ» վնասազերծվել է, և որ դրանք արձակվել են «արևմտյան սահմանից»։
Անօդաչու թռչող սարքը հարվածել է Բարաքահի ատոմակայանի ներքին պարագծից դուրս գտնվող էլեկտրագեներատորին։ ԱՄԷ-ի միջուկային կարգավորման դաշնային մարմինն ավելի ուշ հաստատել է, որ ատոմակայանը շարունակում է անվտանգ մնալ, հարվածից ռադիոակտիվ նյութ չի արտանետվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ արտակարգ դիզելային գեներատորներն էլեկտրաէներգիա են մատակարարում ատոմակայանի «3-րդ բլոկին» և կոչ արել «առավելագույն ռազմական զսպվածություն» ցուցաբերել ցանկացած ատոմակայանի մոտ՝ հավելելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին։