armenpress.am Հայաստանի մարզերում բնակիչները պատրաստ են աշխատելու, սակայն առկա են ջրի, մթերման և տնտեսական քաղաքականության հետ կապված խնդիրներ։
Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում՝ ամփոփելով վերջին օրերին իրականացված քարոզարշավային այցերը։
Նրա խոսքով՝ վերջին երկու օրերին կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Արմավիրի մարզ, որտեղ, ըստ նրա, արձանագրվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներ։
«Դրական բանն այն էր, որ գյուղացիները, գյուղերի բնակիչները պատրաստ էին աշխատելու, աճեցնում էին այնպիսի տեսակի մրգեր և բանջարեղեն, որի պահանջարկը շատ մեծ է և կարելի է շատ շահավետ վաճառել»,- նշել է Կարապետյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ մարզում առկա են ջրի և մթերման խնդիրներ։
«Բացասականն այն է, որ կա ջրի խնդիր, չկա մթերում, և պետությունը տնտեսական հարց չի լուծել։ Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզում իրավիճակն ավելի բարդ է, մասնավորապես, գործազրկության մակարդակի առումով։
«Գեղարքունիքի մարզում վիճակը մի քիչ ավելի սուր էր, գործազրկությունը շատ ավելի բարձր էր, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել»,- նշել է նա։
Նա նաև հայտարարել է, որ աշխատուժի պակասի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ կոչ անելով այցելել Հայաստանի մարզեր և տեսնել արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց թիվը։
Կարապետյանի խոսքով՝ աշխատատեղերի ստեղծման դեպքում բնակիչները պատրաստ են աշխատել Հայաստանի տարբեր մարզերում։