ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ քաղաքացիների կողմից ՔՊ-ի հասցեին կշտամբանքի, բողոքի դրսևորումները ուղղորդված են։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ։
«Միանշանակ ուղղորդված է, դա նաև նրանից է, որ ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է, որովհետև ակնհայտ է՝ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները խնդիր ունեն նվազագույն շեմը հատելու։
Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցությունով, որպեսզի 4%-ն իր հին ռեսուրսի հաշվին փորձի հատել: «Հայաստան» դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու. ինքը 100 հազար ձայն ՀՀ-ում անհնար բան է, վստահ եմ:
Դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գլուխկոնծի տա, պպզի, բարի խոսի, ասի՝ Դուա Լիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրեն պատասխանենք:
«Ուժեղ Հայաստան» այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրենց գաղտնիքը, այդ շղարշը, որ եսիմ որտեղից ինչ-որ իրենք եկել են, որ բան կա, մարտին դա անցավ, հետո լույսերը տվեցին, տեսախցիկները միացրին, և պարզ դարձավ, որ այդ մարդը դ-թ-ի ուղղագրությունը չգիտի, ղ-խ-ի ուղղագրությունը չգիտի, հայերեն չի ճանաչում, և ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող ՀՀ-ում որևէ պաշտոն զբաղեցնել, նաև պատկերացում չունի՝ ինչից է խոսում։ Ուստի տակը մնում է՝ եկեք վիրավորենք, սադրենք, տեսնենք իշխանությունն ինչ է անում, որ լրագրողները հարցնեն»,- նշել է Սիմոնյանը: