ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի Արթուր Օսիպյանի միջև երեկ՝ մայիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով:
Նրա պաշտպան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության մեջ մտել վարչապետի հետ և իրեն թույլ տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ ու բարձր տոնով է խոսել վարչապետի հետ»:
Արթուր Օսիպյանն այս պահին ձերբակալվածների պահման վայրում է:
Երիցյանը նաև նշել է, որ Օսիպյանի հեռախոսն է անհետացել և ջնջված է նրա ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Փաշինյանի մասին։ Նրանք քարոզարշավի ընթացքում հանդիպել էին, որի ժամանակ թեժ վիճաբանություն էր եղել։
«Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ։ … Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»,- ասել էր Փաշինյանը։