Այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, մայիսի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում, գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ և սպառնալից արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և մի կնոջ միջև։ Նիկոլ Փաշինյանին մոտեցած կինն ասաց. – «Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել….»:
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ և ասաց. «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու [․․․] Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգա… Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղը»։