civilnet.am Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհան հանդիպել են Մոլդովայում՝ երկու երկրների միջև վերջին շրջանում ակտիվացած շփումների ֆոնին։ Վերջին հանդիպումը տեղի է ունենում նախորդ տարիների լարված հարաբերությունների պայմաններում, սակայն հարաբերությունների կարգավորման հեռանկարը շարունակում է մնալ անորոշ։
Բոճորիշվիլին և Սիբիհան հանդիպել են մայիսի 15-ին Քիշնևում, որտեղ անցկացվում էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանը։
Սիբիհան սոցիալական ցանցերում հանդիպումը բնութագրել է որպես մայիսի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած «վերջին երկխոսության ուղղակի շարունակություն»։ Կարճ զրույցը տեղի էր ունեցել Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, Եվրոպայից մինչև Հարավային Կովկաս ձգվող ընդհանուր արժեքային տարածքում վերջին քաղաքական զարգացումները, մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես GUAM-ի (Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն) շրջանակում։ Մենք շարունակում ենք զարգացնել թափանցիկ, պրագմատիկ և կառուցողական ուկրաինա-վրացական երկխոսությունը», – նշել է նա։
Իր հերթին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ «քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել Ուկրաինայի նկատմամբ Վրաստանի հետևողական քաղաքական և հումանիտար աջակցությանը»։
«Հանդիպումը դարձավ Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչների միջև վերջին շփումների հերթական քայլը», – ասված է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, հայտարարությունը պարունակում էր նաև ակնհայտ քննադատություն Կիևի հասցեին։ Վրացական կողմն ընդգծել է «Վրաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա խնդիրները», նախարարությունը հիշատակել է «վերջին տարիներին ուկրաինական իշխանությունների ձեռնարկած քայլերը և դիրքորոշումները, որոնք շարունակում են խոչընդոտել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»։
Քիշնևում հանդիպումը, հավանաբար, պայմանավորված էր մայիսի 6-ին երկու նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցով։ Ավելի վաղ Բոճորիշվիլին և Սիբիհան հանդիպել էին նաև Երևանի գագաթնաժողովում, որտեղ կարճ զրույց էին ունեցել նաև Կոբախիձեն և Զելենսկին՝ ազդարարելով Կիևի և Թբիլիսիի միջև շփումների նկատելի ակտիվացումը։
Ակտիվացած շփումները նոր քննարկումներ են առաջացրել հարաբերությունների կարգավորման շուրջ։ Վրացական կողմը բազմիցս ընդգծել է, որ նախաձեռնությունը «գալիս է ուկրաինական կողմից»։
Բոճորիշվիլին իշխանամետ լրատվամիջոցներին ասել է, որ Կիևի «ակտիվացումը» կապված է «կապուղիների ոլորտում Վրաստանի դերի» հետ՝ ակնարկելով, որ Ուկրաինան Թբիլիսիի միջոցով այլ երկրների հետ հարաբերություններում որոշակի «կարիքներ» ունի։
Եվրոպայի խորհրդի միջոցառման ժամանակ, որտեղ հանդիպել էին Սիբիհան և Բոճորիշվիլին, 46 երկրներից 36-ը հայտարարել են, որ պատրաստ են միանալ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան հետաքննող նոր տրիբունալին։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, չեն միացել նախաձեռնությանը։ Բոճորիշվիլին պատճառները բացատրել է՝ մեղադրելով ԵՄ-ին.
«ԵՄ որոշ անդամ պետությունների վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ մեզ չի տալիս այն հնարավորությունը կամ շքեղությունը՝ ընդունելու որոշումներ, որոնք կարող են լրացուցիչ ռիսկեր և սպառնալիքներ ստեղծել մեր երկրի համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում