Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող WUF13 միջազգային համաժողովի ընթացքում, այսօր պնդել է, թե անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին։
Նշենք, որ մինչև 1939 թվականը Խորհրդային Միության տարածքում, այդ թվում՝ Հայաստանի, թյուրքախոսների համար «ադրբեջանցի» եզրույթը պաշտոնապես փաստագրված չէր։
Այս ժողովրդի համար «ադրբեջանցի» եզրույթը՝ որպես էթնանվանում, առաջին անգամ օգտագործվել է միայն 1939 թվականին՝ ԽՍՀՄ համընդհանուր մարդահամարի ժամանակ։ 1939 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների թիվը կազմում էր 130 հազար, իսկ 1979 թվականի մարդահամարի տվյալներով՝ 160 հազար։ Այսինքն, Հայկական ԽՍՀ-ում երբեւէ 300 հազար «ադրբեջանցի» չի բնակվել։