l-54x14wh-798x465z-0-9844

Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու կամ եղած լինելու տեղեկությունն առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն (Նարեկ Կարապետյանը -խմբ.) նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ փաստաթուղթ հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է ՌԴ քաղաքացի:

Ինքը Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքեց․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն