arm.sputniknews.ru Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր չինացի գործընկերոջը անվանել է սիրելի ընկեր և հիշել չինական ասացվածքը. «Մենք մեկ օր չենք տեսնվել, բայց այնպիսի զգացողություն է, կարծես երեք աշուն է անցել»։
«Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները կանխատեսելիություն և կայունություն են բերում քաոտիկ աշխարհին, և այժմ դրանք հասել են աննախադեպ մակարդակի՝ վկայելով գործընկերության մասին: Նույնիսկ անբարենպաստ արտաքին գործոնների պայմաններում մեր համագործակցությունը լավ թափ է հավաքում»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում ՌԴ-ն մնում է հուսալի էներգակիրների մատակարար, իսկ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտուրը վերջին քառորդ դարի ընթացքում աճել է ավելի քան 30 անգամ։
Պուտինը Սի Ծինփինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան: Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու այս աշնանը Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:
Պուտինն ասել է, որ Մոսկվայի և Պեկինի միջև սերտ կապերը հատկապես անհրաժեշտ են լարված միջազգային իրավիճակի պայմաններում:
Իր հերթին Սի Ծինպինը նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը քաջաբար և համարձակորեն պաշտպանում են միջազգային արդարադատությունը, մշակութային և քաղաքակրթական բազմազանությունը, ինչպես նաև պետությունների ինքնիշխան զարգացման նկատմամբ հարգանքը: