azatutyun.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանին Ղարաբաղի թեմայով հարց տալուց ու քննադատելուց հետո ձերբակալված Արթուր Օսիպյանին քննչականը մեղադրանք է առաջադրել միանգամից երեք հոդվածներով. խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար։
Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ՝ քննչականը Արցախից տեղահանված տղամարդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ բառի ու արարքի համար է արցախցի Արթուր Օսիպյանը հայտնվել ճաղերից այն կողմ:
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Փաշինյանի մասին։ Նրանք քարոզարշավի ընթացքում հանդիպել էին, որի ժամանակ թեժ վիճաբանություն ու քաշքշուկ էր եղել։ Օսիպյանը Փաշինյանին Ղարաբաղի թեմայով հարց տվեց, ինչից հետո Փաշինյանը սկսեց բարկացած պատասխանել․ «Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ։ … Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»,- ասել էր Փաշինյանը։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: