hetq.am««Արարատցեմենտի» պետականացման և դրա վերաբերյալ Դատախազության հայտարարությունների իրավական մասով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետամուտ է լինելու»,-այսօր՝ հունիսի 20-ին, հրատապ ասուլիսին հայտարարեց ԲՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
Նա կասկածներ ու վախեր ունի, որ շուտով նաև «Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու Նիկոլ Փաշինյանի մոտ»։
«Հաշվի առնելով, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի մոտ անհագուրդ մոլուցք է առաջացել տարբեր տեսակի ձեռնարկությունների պետականացման, սեփականաշնորհման, աղքատներին, ծերերին հանձնելու անհաղթահարելի ու բուռն ցանկություն է առաջացել՝ հետաքրքիր զուգադիպությամբ հատկապես նախընտրական շրջանում, ես լրջագույն կասկածներ ու վախեր ունեմ, որ շատ շուտով նաև Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու Նիկոլ Փաշինյանի մոտ, կամ Հիսուս Քրիստոսի արձանը կալանավորելու, ձեռնաշղթաներ հագցնելու նման բուռն ու անհաղթահարելի ցանկություն ունենա Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Տոնոյանը։
Ըստ նրա՝ երկրի իրավապահ համակարգը առկա հանցագործության բարձր ցուցանիշը, «սարսափելի մեծ» թմրամիջոցների շրջանառությունը կանխելու, բոլոր տեսակի վտանգավոր ու արատավոր գործընթացներին հետամուտ լինելու, մեղավորներին գտնելու, պատժելու, բացահայտելու փոխարեն որդեգրել է «մեկ անձի ցուցումով, պատվերով համերգի տրամաբանությամբ իր գործընթացները կազմակերպելու գործելաոճ»։
Հիշեցնենք՝ այսօր նախ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, ապա Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։
«Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ: Գործարանի աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով: Էս պահից նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ կառավարությունն է: Արարատ ցեմենտը շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ-ին»,- Լոռիում քարոզարշավի ժամանակ ասել էր Փաշինյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում