RD-AGN-Insider

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ The Insider-ի հրապարակման նպատակն է ահաբեկել հայ հասարակությանը ընտրությունների նախօրյակին | aravot.am

aravot.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «The Insider-ը, որն արդեն վաղուց վերածվել է մեդիամանիպուլյացիաների և հակառուսական սուտ քարոզչության գործիքի, շարունակում է կեղծիքներ արտադրել՝ կատարելով իր արտասահմանյան հովանավորների համապատասխան պատվերները։ Արևմտյան շրջանակների կողմից հովանավորվող մեդիա-քարոզչամիջոցների նման դիվերսիոն աշխատանքի օրինակ է վերջին հրապարակումը (2026 թ. մայիսի 19-ին)՝ «Բռնել «մորուքից»։

ԱԴԾ, ԳՌՈւ և ԱԻԾ որ գործակալներն են ուղղված Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար» խոսուն վերնագրով, որն արդեն ծամծմված «լրտեսական» հեքիաթներ է պատմում «Կրեմլի ամենուր ներկա գործակալների» մասին։ «Հետաքննությունում» բերված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ ու կազմակերպված սադրանք, որի նպատակն է հոգեբանական ճնշում գործել ռուս դիվանագետների վրա և ահաբեկել հայ հասարակությանը ընտրությունների նախօրյակին։ Կեղծիքի հեղինակները, որոնք, ըստ երևույթին, այդքան ուշադիր ուսումնասիրել են դեսպանատան աշխատակիցների կենսագրության մանրամասները, անգամ հարկ չեն համարել ստուգելու տեղեկությունները, թույլ տալով բազմաթիվ փաստական սխալներ ու անճշտություններ, ինչը միայն հաստատում է հեղինակների «մասնագիտականության» և տարրական գրագիտության մակարդակը։

Որպես փաստարկների հիմնավորում հրապարակվում են հազիվ թե արժանահավատ «սքրինշոթեր» ու «քաղվածքներ» որոշ փաստաթղթերից, քաոսայնորեն մեջբերվում են դիվանագետների կյանքից «ավանդազրույցների» կարգի դրվագներ՝ (!) «անանուն» աղբյուրների ու այն օտարերկրյա լրատվամիջոցների հղումներով, որոնք վաղուց արդեն արատավորել են իրենց ապատեղեկատվությամբ ու հակառուսական կողմնակալությամբ։

Ընդ որում, The Insider-ը չի կարողանում բերել «Փաշինյանի դեմ արշավի համակարգման» կամ «ընտրությունների արդյունքների մանիպուլյացիայի» մեղադրանքները հաստատող ոչ մի թեկուզ մի փոքր համոզիչ փաստ։

Լրտեսամոլության ու նեոմաքքարթիզմի ոգով հեղինակները որոշել են նաև «բացահայտել» Երևանի Ռուսական տունը, որին մեղսագրվում է… «փափուկ ուժի» ու Հայաստանում մարդասիրական գործունեության «առաջ մղումը», լուսավորչական ու կրթական սեմինարների, մշակութային միջոցառումների անցկացումը։ Այսինքն՝ ուղիղ այն, ինչով և պետք է զբաղվի Ռուսական տունը արտերկրում։

Կրկին ականատես ենք ծանոթ ձեռնարկին. Ռուսաստանի ու Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների, մեր եղբայրական ժողովուրդների կապերի զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ռուսական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքը հայտարարվում է «հատուկ ծառայությունների օպերացիա»։ Բացարձակ ռուտինային դիվանագիտական գործունեությունը՝ կապերի պահպանումը, մշակութային միջոցառումների անցկացումը, վերլուծական աշխատանքը, մարդասիրական նախագծերի առաջ մղումը,— այս ամենը մատուցվում է «Կրեմլի ձեռք» ոգով։

Ոչ պակաս անհանգստություն է հարուցում հանրապետության ղեկավարությունը քննադատող հայ ընդդիմությանն ու հասարակական գործիչներին արժեզրկելու գիծը։

Նման գործիչների ռուսական կողմի հետ ցանկացած շփումը, միջազգային հարթակներում ու փորձագիտական միջոցառումներին մասնակցությունն ավտոմատ կերպով հայտարարվում է «ռուս հատուկ ծառայությունների հովանու ներքո ծառայություն», իսկ ընդդիմադիր գործունեությունն ինքնին՝ «Կրեմլի օպերացիայի» մաս։ Այլ կերպ ասած, հայ հասարակությանը փորձում են պարտադրել «կառավարության քննադատություն = Մոսկվայի գործակալ» պարզունակ սխեման»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն