pastinfo.am Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում։ Այս մասին հրատապ ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հետագայում պատասխանի, թե ինչ է արել այն 8 միլիարդ դոլարի հետ, որը պետական պարտքի ավելացման չափն է։ Պետք է պատասխանի, թե ինչպես ստացվեց, որ ինքն ու իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում՝ միլիարդատերեր, որովհետև նրա շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան մաքուր շահույթը 1,5 միլիարդ դոլար է։ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում»,- նշել է նա։
Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից դուրս մղելու հրեշավոր ծրագիր է տանձնել։
Ըստ նրա՝ թուրք-ադրբեջանական և արևմուտքի գլոբալիստական շրջանակների Հայաստանին ուղղված պահանջները հետեւյալն են՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հանձնումը, ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, Հայաստանի առնվազն երեք տարածքների հանձնում, որոնք ճանապարհային կարևորագույն հանգույցների վրա են, ատոմակայանի փակում, Հայաստանի հանքարդյունաբերության ոչնչացում, որը այսպես կոչված բնապահպանական ծրագրի շրջանակներում պետք է իբր թե նպաստեն Հայաստանի էկոլոգիական միջավայրին։
«Հաջորդը՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հեռացումն է, Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, և դա այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ի շրջանակներում և մասնավորապես հայ-ռուսական առևտրային հարաբերություններում մեր տոկոսաչափը ավելի քան 30% է, այսինքն Հայաստանի տնտեսական կոլապս և բնականաբար Հայաստանի ուկրաինացումը նախատեսված է, որպեսզի թուրքական աշխարհը կարողանա գերիշխող դեր զբաղեցնել Հարավային Կովկասում և դրանով իսկ աշխարհաքաղաքական առումով մեծ խաղի շրջանակներում դուրս մղվի Ռուսաստանը և Իրանը մեր տարածաշրջանից»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Անդրանիկ Թեւանյանը ու նշել, որ նման «հրեշավոր ծրագրի տակ է մտել Նիկոլ Փաշինյանը»։
Գործչի խոսքերով՝ բոլոր այն մարդիկ, բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր դեմ են այս ամենին, ովքեր Հայաստանի ազգային պետական շահերն են պաշտպանում, պետք է հռչակվեն դավաճաններ՝ Գեբելսյան քարոզչամեքենայի ծրագրի շրջանակներում։