civilnet.am Երևանը պաշտոնական գրություն չի ստացել, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 21-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը:
«Ռոսսելխոզնադզոր»-ը նշել է, որ չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։
Նախարարը հայտնել է, որ «Ռոսսելխոզնադզորից» մասնագետներ են եկել Հայաստան և այժմ ուսումնասիրություններ են անցկացնում այն ընկերություններում, որոնց համար արտահանման արգելք է դրվել։
««Ռոսսելխոզնադզորից» մասնագետներ կան Հայաստանում և կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություն են անցկացնում։ Նրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ էր արտահանումը և եթե դրական եզրակացություն լինի՝ կբացվի իրենց համար արտահանման հնարավորությունը»,- ասել է նախարարը։
Պապոյանի կարծիքով՝ դա ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են։ Նախարարը նաև չի բացառել, որ Հայաստանյան որոշ ուժեր կան, որոնք փորձում են որոշակի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողներն ու ֆերմերները Ռուսաստանում խնդիրների առաջ կանգնեն։
«Մենք այդպիսի պարբերաբար տեղեկատվություններ ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Օրինակ Վայլդբերիզի և Օզոնի դեպքը։ Հարցը մեծ հաշվով արդեն լուծված է։ Մենք ունենք հարյուրավոր ընկերություններ, որոնք արդեն իսկ բացվել են։ Հարյուրավոր ընկերություններ էլ կան, որոնք մեր աջակցությամբ այդ փաստաթղթերն են հիմա ստեղծում և նոր կբացվեն։ Այսինքն մեխանիզմը դրված է, ասում են փաստաթուղթը բեր ու ավտոմատ ինքը բացվում է։ Ուզում եմ ասել, որ չեմ բացառում նաև այդպիսի ինչ-որ դրվագներ, որ Հայաստանում ներքաղաքական որոշ ուժեր կփորձեն այնպես անել, որպեսզի հայ գյուղացին, հայ արտադրողը դժվարություններ ունենա դրսում, բայց դա կառավարելի է»,- ասել է նախարարը։