flu0n804zuqpupch

ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը ողբերգություն չէ, խնդիրը հենց Հայաստանն է․ Զախարովա | civilnet.am

civilnet.am Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջիկա գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ նրա՝ Մոսկվայի համար խնդիրը ոչ թե նրա բացակայությունն է, այլ այդ քայլերի համակարգային բնույթը:

Հայաստանի կառավարության ղեկավարը բաց է թողնելու մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Զախարովայի ձևակերպմամբ՝ Փաշինյանի բացակայությունը ողբերգություն չէ միավորման համար:

«Միության համար ողբերգություն չկա։ Խնդիրը հենց Հայաստանն է», – նշել է նա։

Դիվանագետը նշել է, որ անհնար է համատեղել անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մեկ այլ բլոկի վերազգային մեխանիզմների ներդրումը։ Նրա խոսքով՝ Եվրամիության կառույցները կործանարար քաղաքականություն են վարում և պատժամիջոցներ կիրառում ԵԱՏՄ անդամների դեմ:

«Սա լիակատար հակասություն է, ոչ թե այն պատճառով, որ մենք դեմ ենք փոխգործակցության տարբեր ձևերի համատեղմանը։ Ընդհակառակը, մենք միշտ ասել ենք, որ հնարավոր է օրգանապես համատեղել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Բայց դա հնարավոր էր մինչև Արևմտյան Եվրոպայից ուղիղ հարձակումների սկսվելը, և մինչև այն վերածվեց հիբրիդային պատերազմի, այդ թվում՝ տնտեսական ոլորտում», – ասել է Զախարովան։

Զախարովան հայտնել է, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ անդամ երկրների ներկայացուցիչները չեն մասնակցել նիստերին, ինչը ցանկալի չէ, բայց պատահում է: Սակայն, ըստ նրա, Փաշինյանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Երևանի անդառնալի ներգրավմանը, ինչը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն