l-0x86wh-2048x1193z-0-3838-13

Ֆինանսների նախարարը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը ստորագրել են բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ստորագրել են «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը՝ 264.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, որից ֆինանսավորման ոչ արտոնյալ մասը կազմում է 240 մլն ԱՄՆ դոլար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ), իսկ արտոնյալ մասնաբաժինը՝ 24.4 մլն ԱՄՆ դոլար որպես դրամաշնորհային միջոցներ՝ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից (GCFF)։ Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատված, 284.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը» նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանն ու իրականացման գործընթացների կատարելագործմանը:

Հաջորդիվ ստորագրվել է ՎԶՄԲ հավելյալ միջոցներով ֆինանսավորվող «Կենսունակ մոլորակ» հիմնադրամի դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Միաժամանակ, Ծրագրի իրականացման նպատակով Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի միջև ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր՝ 10 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով՝ ՀՀ Կառավարության երաշխիքով: Երաշխավորման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի անունից՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն