Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ ցուցակի անդամ Անդրանիկ Թեւանյանը՝ արձագանքելով ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Թեւանյանի կողմից ենթադրյալ լրտեսության եւ պետական դավաճանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․
«Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որտեղ այդ «կարված» գործի շրջանակներում կարդում ենք, որ իբր ես, որպես ԱԺ պատգամավոր 2024 թվականի ապրիլին ԱԺ ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ եմ փոխանցել և ի վնաս Հայաստանի գործողություններ եմ իրականացրել, որը վտանգել է ինքնիշխանությունը, տարածքային անձեռմխելիությունը, արտաքին անվտանգությունը։
Այս «կարված» գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 2021-ին, այո, ընտրվել եմ պատգամավոր ԱԺ ընտրությունների արդյունքում, բայց, ուշադրություն, 2023-ին վայր եմ դրել մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին՝ որպես ոչ պատգամավոր արդեն, իսկ այստեղ գրված է, որ 2024-ի նիստի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել։ Այսինքն ես ֆիզիկապես մասնակցել չէի կարող 2024-ի լսումներին։ Հետևաբար մնացած թեմաները անհեթեթություն են ինչ-որ գումարային և այլ թեմաների հետ կապված»,- մեկնաբանել է Թեւանյանը։
Թեւանյանը Փաշինյանին է մեղադրել պետական դավաճանության մեջ․ «Մի խոսքով, անհեթեթությունը շարունակվում է, իսկ Քննչական կոմիտեին խորհուրդ կտայի այդ ապօրինի հանձնարարականները չկատարել։ Իսկ մեր քաղաքացիներին կարող եմ ասել, որ անպայման մասնակցեն ընտրություններին, մերժեն այս ապօրինի, հանցավոր և դավաճան իշխանությանը։ Թիմակիցներիս կոչ եմ անում ավելի կազմակերպված, զգոն լինել, ավելի արդյունավետ աշխատել։ Առայժմ այսքանը, մնացած անհեթեթությունների մասով, քանի դեռ այլ հրապարակումներ չկան, չեմ անդրադառնա։ Բայց խորհուրդ կտամ գործը կարելուց այնպես անեք, որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք»,- եզրափակել է Թեւանյանը։
ՔԿ-ն արձագանքել է Թեւանյանի պնդմանը, որ ինքը մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը գրել է․
«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը: Այդքանը մենք էլ գիտենք։ Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը: Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- ասված է գրառման մեջ: