armenpress.am Արարատի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ամփոփել է Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրված հանրահավաքով։ ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, հանրահավաքի անդրադառնալով Արարատի մարզում 2018 թվականից իրականացված ծրագրերին, նշել է, որ Կառավարության մասնակցությամբ շուրջ 325 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։
Նրա խոսքով՝ մարզում ընդհանուր առմամբ 325 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ ու փողոցներ են կառուցվել կամ նորոգվել։ Բացի այդ իրականացվում են 24 դպրոցի, 33 մանկապարտեզի հիմնանորոգման կամ կառուցման աշխատանքներ, որոնց մի մասն արդեն ավարտված է։ Իրականացվել է նաև ավելի քան 210 կիլոմետր գազատարների անցկացում, իսկ մարզի երկու սահմանամերձ բնակավայրերում ընթացքում են 16 միլիոն դրամի չափով պետական աջակցության ծրագրով 185 առանձնատների կառուցման նախագծային աշխատանքները։
Փաշինյանն առանձնապես կարևորել է Վեդիի ջրամբարը, որը նրա գնահատմամբ իր մասշտաբներով առաջինն է, որ կառուցվել է Երրորդ հանրապետությունում։ Բացի ենթակառուցվածքային խոշորածավալ ներդրումներից, գյուղատնտեսական մի քանի ծրագրերով պետության կողմից 131 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Արարատի ու Արմավիրի մարզի գյուղացիներին, ինչպես նաև շուրջ 120 միլիոն դոլարի չափով սուբսիդավորվել են գյուղատնտեսական վարկերի տոկոսներ։
«Այս ամեննը մենք արել ենք մի պատճառով, որ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, որ ժողովուրդն ապրի։ Ուրախ ենք արձանագրել, որ հաղթահարել ենք մաքառման և գոյատևման օրակարգը և մտել ենք ապրելու, զարգանալու օրակարգ, ապագան այսօր վայելելու, և ոչ թե այսօր վաղվա համար տառապելու օրակարգ»,-ասել է Փաշինյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում