«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:
Քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:
«Գործող վարչախումբը, նախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների»,- նշված է հայտարարության մեջ։
«Հայաքվեն» շեշտում է, որ արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ:
Միավորումը իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է անում տուրք չտալ գործող վարչախմբի` ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին և իրականացնել արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները: