armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր կողմից կիրառվող կոշտ բառապաշարը պայմանավորված է ընդդիմադիր ուժերի հռետորաբանությամբ։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Լրագրողներից մեկը վարչապետին հիշեցրեց 2025 թվականի դեկտեմբերի 2-ի նրա գրառումը, որտեղ վերջինս նշել էր, որ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանելը պետք է ընկալել որպես հավատարմություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի կանոնագրքին։
Փաշինյանը՝ դիտարկմանն ի պատասխան, ասել է, որ ամեն ինչ չափ ու սահման ունի։
«Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որն իմ դեմ են օգտագործել»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ քաղաքական որոշ ուժեր շարունակում են նույն հռետորաբանությունը՝ առանց փաստարկների։
«Դրա համար ես ասում եմ, որ այդ հարցի լուծումը մեկն է՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը պետք է ուղղակի խորհրդարան չանցնեն»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ նման խոսույթը չի կարող անվերջ շարունակվել առանց արձագանքի։
«Կարելի է մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, տաս անգամ, հարյուր անգամ, բայց դա չի կարող հավերժ շարունակվել։ Ես ասում եմ՝ այդ դոզան կուտակվելու է և հակադարձվելու է»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ չի պատրաստվում ամեն օր նման բառապաշար օգտագործել։
«Դուք կարող եք շատ կրթված լինել, կոռեկտ լինել, ձեզ համար ունենալ էթիկայի որոշակի կանոններ, բայց ինչ-որ պահ կա, որ ասեք՝ լավ, հասկացանք։ Այս աշխարհում մենակ ե՞ս ունեմ էթիկայի կանոնագիրք»,- նշել է վարչապետը։
Նա նաև հիշեցրել է, որ նախկինում առաջարկել է դադարեցնել նման խոսույթը, սակայն, ըստ նրա, այդ առաջարկը արձագանք չի ստացել։
2025 թվականին դեկտեմբերի Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի և մշակույթի զարգացման հարցում և այդ նպատակով ընդունել է էթիկայի կանոնագիրք։
«Երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»,- նշված էր վարչապետի գրառման մեջ։