l-0x7wh-801x467z-0-9813

«Ուժեղ Հայաստանի» համակիրը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը նույն կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-200․000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ՝ նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

«Կոմիտեն հորդորում է զերծ մնալ ընտրակաշառք տալու և այդ հանցավոր գործունեությունը տարբեր ձևական մեխանիզմներով քողարկելու արատավոր գործելակերպից՝ նախազգուշացնելով, որ նման յուրաքանչյուր դեպք արժանանալու է խիստ իրավական արձագանքի»,- նշվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն