ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության այցը Հայաստան եւ դրա ունեցած նշանակալի դերը ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման հարցում:
Հանձնաժողովի նախագահը ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձել նախընտրական հանդիպումներին:
Լիլիթ Գալստյանը եւս ընդգծել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության դերակատարությունը: Պատգամավորը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ընդդիմության մտահոգություններն ու դիտարկումները»,- նշված է հաղորդագրությունում։