Երբ Հայաստանի իշխանությունները սադրում են և շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի նման պետության հետ, իրենք պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու։ Դրա համար պետք է ուշքի գան։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում։
«Հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մենք ընդամենը մեկ օրվա ընթացքում լուծում ենք տալու։ Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև»,- նշեց նա։
Մայիսի 21-ին հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հարցին, թե, ըստ իրեն, ինչ են խոսել այդ երկրների ղեկավարները, Կարապետյանը նշել է․
«Ես կարող եմ միայն կասկածներ ունենալ երբ Մակրոնը Հայաստանում էր։ Ինձ թվում է Փաշինյանը խնդրել է Մակրոնին որ իր շեֆի հետ խոսի։ Մակրոնը խնդրել է Ալիևին, որ 300 000 ադրբեջանցիների շարժը դեպի Հայաստան մինչև ընտրությունները կանգնեցնի, բայց ես չեմ կարող կոնկրետ տեղեկություն ունենալ՝ հաջողվել է Մակրոնին, թե մենք սյուրպրիզներ ունենալու ենք»։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի, Սամվել Կարապետյանը նշել է, որ փոփոխություն է հետ պետք, որպեսզի հնարավոր լինի ամեն ինչը ճիշտ ուսումնասիրել և ճիշտ ներկայացնել մեր ժողովրդին, իսկ մեղավորները պատասխան տան իրենց արածների համար։
«Ինչպե՞ս ստացվեց, որ հայաթափվեց Արցախը։ Ինչպե՞ս ստացվեց որ մենք ունեցանք հազարավոր զոհեր։ Ինչպե՞ս ստացվեց, որ մենք ունեցանք հազարավոր հաշմանդամներ։ Մեր զոհված զինվորների ծնողները և անհետ կորած զինվորների ծնողները պարտավոր են իմանալ ճշմարտությունը»,- ասել է նա։