Վարչապետի հետ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Անազատության մեջ գտնվելով՝ Օսիպյանը շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասել է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով պահման պայմանների՝ Հովհաննիսյանը նշել է, որ բանտախուցը խոնավ է, իսկ արևի լույս չկա։ Նրա խոսքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մյուս խցիկներում պայմաններն զգալի ավելի լավ են։
«Խոսքս ուղղում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին։ Անազատության մեջ գտնվող անձը պետք է կորցնի միայն ազատությունը, այլ ոչ թե առողջությունը, ստանա թոքաբորբ կամ այլ հիվանդություն։ Եվ պետք է չզրկվի արևի լույս տեսնելուց, իսկ բանտախցի պատերին խոնավությունից տարբեր տեսակի սնկեր չպետք է աճեն։ Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի հացադուլ հայտարարած անձինք գոնե գտնվեն մնացած խցերի պայմաններին հավասար պայմաններում»,– նշել է փաստաբանը։