Վրաստանը տուգանել է ընդդիմադիր հեռուստաալիքին՝ հեռարձակման չափանիշները խախտելու մեղադրանքով | civilnet.am

Վրաստանը տուգանել է ընդդիմադիր հեռուստաալիքին՝ հեռարձակման չափանիշները խախտելու մեղադրանքով | civilnet.am

civilnet.am Վրաստանի Հաղորդակցությունների հանձնաժողովը ընդդիմադիր Formula հեռուստաալիքին տուգանել է 2500 լարիով (940 դոլար)։ Պատժամիջոցը կիրառվել է իշխող կուսակցության՝ 2025-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների հիման վրա։ Դրանք վերաբերում են հեռարձակողների լուսաբանման չափանիշների կարգավորմանը։

Հաղորդակցությունների հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ ապրիլին իրականացված մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ «Formula-ի լրատվական ծրագրերում արձանագրվել են անկողմնակալության և հավասարակշռության վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտման դեպքեր, այդ թվում՝ հաղորդավարների և լրագրողների անձնական կարծիքների տարածում»։

Հանձնաժողովի խոսքով՝ քանի որ հեռուստաալիքը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն ստացել էր գրավոր նախազգուշացում «նմանատիպ խախտումների» համար, որոշվել է կիրառել «նվազագույն տուգանք»։

Media Checker-ը հայտնել է, որ հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացրել Formula-ի լրատվական թողարկումների նկատմամբ ապրիլի 21-23-ը։

Կիրառած արտահայտություններից, որոնք կարգավորող մարմինը համարել է խախտում, եղել են «Վրացական երազանքի կառավարության ղեկավար», «Բիձինա Իվանիշվիլիի կառավարություն», «ռեժիմի դատական համակարգ» և «իշխանամետ Rustavi 2 [հեռուստաընկերություն]» ձևակերպումները։ Հանձնաժողովը դրանք գնահատել է որպես հեռարձակման մասին օրենքում ամրագրված արդարության և անկողմնակալության սկզբունքի խախտում։

Այս արտահայտությունները հաճախ օգտագործվում են կառավարության քննադատների կողմից, հատկապես 2024-ի հոկտեմբերի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո, երբ բազմաթիվ քննադատներ և ընդդիմախոսներ հրաժարվեցին ճանաչել կամ առնվազն կասկածի տակ դրեցին իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա կառավարության լեգիտիմությունը։

Կարգավորող մարմինը նաև մեղադրել է Formula-ին հավասարակշռության սկզբունքը խախտելու մեջ՝ ապրիլի 22-ի լրատվական թողարկման ընթացքում՝ Դյուշենի մկանային դիստրոֆիա (DMD) ունեցող հիվանդների ծնողների՝ դեղորայքի հասանելիության պահանջի վերաբերյալ ռեպորտաժում։ Հանձնաժողովի համաձայն՝ Formula-ն ներկայացրել է «միայն ծնողների դիրքորոշումը, մինչդեռ Առողջապահության նախարարության այլընտրանքային բացատրությունը կամ մեկնաբանությունը չի ներառվել ռեպորտաժում»։

Formula-ն OC Media-ին հայտնել է, որ որոշումը պաշտոնապես ստանալուց հետո այն կբողոքարկի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն