armenpress.am Հայաստանի արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անց է կացվել «Թավշյա հեղափոխության ազդեցությունը բանտային համակարգի և դատապարտյալների վրա» թեմայով գիտագործնական կոնֆերանս։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մշակութային ինքնագործ միավորման նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին մասնակցեցին նաև «Նուբարաշեն» ու «Վարդաշեն» ՔԿՀ-ներում պահվող և պատիժ կրող ազատազրկված անձինք։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը կարևորեց միջոցառումը ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն ու իրավունքների իրացումն ավելի արդյունավետ կազմակերպելու աշխատանքների վերաբերյալ անմիջական արձագանքներ լսելու տեսանկյունից։
«Շատ կարևոր իրադարձություն է այն առումով, որ մենք հենց ներկա պայմաններում փորձենք հասկանալ, թե ի՞նչ ազդեցություն է ունենում մեր գործունեությունն այս անձանց կյանքում, կենսագործունեության և ամենակարևորը՝ պետության հանդեպ վերաբերմունքի ձևավորման մեջ, քանի որ մեր գործողություններն ամբողջությամբ կառուցված են այն տրամաբանությամբ, որպեսզի ազատությունից զրկված անձինք սիրեն պետությունը և լինեն ավելի պետականամետ »,-նշեց Թադևոսյանը։
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, կոնֆերանսի նախաձեռնության հեղինակ Մուշեղ Մխիթարյանն իր խոսքում նշեց, որ միջոցառման նպատակը 2018 թվականի հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում քրեակատարողական համակարգում փոփոխությունների, դրանց սոցիալական նշանակության և դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացների ուսումնասիրության համար քննարկման հարթակի ստեղծումն է։
«Հեղափոխության շրջանում իրականացված բարեփոխումները նոր շեշտադրումներ առաջ բերեցին մարդու իրավունքների պաշտպանության, մարդկային արժանապատվության ապահովման և դատապարտյալների վերասոցիալականացման քաղաքականության ոլորտներում։ Քրեակատարողական հիմնարկներում աստիճանաբար ձևավորվեց մարդակենտրոն մոտեցում, որի հիմքում դրվեց ոչ միայն պատժի իրականացումը, այլև դատապարտյալի՝ որպես ապագա քաղաքացու վերաինտեգրման գաղափարը։ Ինքս 11 տարի գտնվելով անազատության մեջ՝ այս ընթացքում հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն հետևել ինչպես համակարգային փոփոխություններին, այնպես էլ դրանց ազդեցությանը դատապարտյալների կյանքի, կրթական հնարավորությունների և վերասոցիալականացման գործընթացների վրա»,-ներկայացրեց Մխիթարյանը։
Այնուհետև՝ գիտագործնական կոնֆերանսի բանախոսները քննարկման ներկայացրեցին պետական բարեփոխումների շնորհիվ դատապարտյալների կենսապայմաններում, սոցիալական վերաինտեգրման, կրթական հնարավորությունների ու քաղաքացիական ենթագիտակցության ձևավորման ուղղություններով դրական տեղաշարժերը։
Ամփոփիչ խոսքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բարձր գնահատեց միջոցառումը, որում քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներն արտացոլված էին անմիջապես շահառուների աչքերով։
«Այսօր ուրախությամբ պետք է նշեմ՝ ես հասկացա, որ այո, նաև ձեզ համար այդ փոփոխությունները տեսանելի են։ Ամենակարևոր գնահատականը բոլոր խոսքերից, որոնք հնչեցին, այն է, որ ասվեց՝ սկսել է գործել օրենք։ Ավելի մեծ գնահատական, քան այդ է, ուղղակի չի կարող լինել։ Դուք նկատում եք, որ օրենքը սկսել է գործել․ դա մեր մեծագույն ցանկությունն է և, կարելի է ասել, միակ ու հիմնական առաքելությունը, որով մենք եկել ենք ծառայելու մեր պետությանը»,-ասաց Գալյանը։