Համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի․ ՊԵԿ

Համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած դրսևորում և անընդունելի համարում ծառայողական դիրքի օգտագործումը անձնական շահի նպատակով, նշվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ՆԳՆ-ի կողմից ՊԵԿ աշխատակիցների ձերբակալությանը։

«Կոմիտեն վերահաստատում է, որ կոռուպցիայի նկատմամբ ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն և համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի։

Չնայած ՊԵԿ-ում շարունակաբար իրականացվող հակակոռուպցիոն և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ առանձին աշխատակիցների նման գործողությունները չեն կարող համատեղելի լինել պետական ծառայողի վարքագծի և պատասխանատվության չափանիշների հետ։

ՊԵԿ-ը վստահեցնում է, որ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ հետևողականորեն շարունակելու է համակարգում կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ու նմանատիպ երևույթներն արմատախիլ  անելուն ուղղված աշխատանքները։

Կոմիտեն կրկին հորդորում է իր բոլոր աշխատակիցներին խստագույնս պահպանել օրենսդրության և ծառայողական էթիկայի պահանջները՝ չվարկաբեկելով ՊԵԿ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը»,-նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել են, որ մայիսի 8-ին՝ ժամը 9։30-ին, Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն