Ազգային-ժողովրդավարական բեւեռի աջակիցը բերման է ենթարկվել եւ ազատ արձակվել միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Չարենցավանում ավարտվել է։ Այս մասին հայտարարում է ԱԺԲ ներկայացուցիչ Հերմինե Մկրտչյանը։
«Ես ահազանգ ստացա Չարենցավանի մեր աջակիցներից մեկից, որ իրեն բերման են ենթարկել Մարտունիում։ Քիչ առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները այցելել են Չարենցավան, նրա այցերի ժամանակ սովորաբար Բեւեռի աջակիցներին բերման են ենթարկում ինչ-որ ապօրինի մեղադրանքով, մի քանի ժամ պահում են, հետո բաց են թողնում, մինչեւ Փաշինյանը գնա։
Գեւորգ Հակոբյանն այսօր առավոտյան որոշել է, որ մի ամբողջ օր բաժնում չանցկացնի, Չարենցավանից կտրել, հասել է Մարտունի, որ իրեն այսօր բերման չենթարկեն։ Բայց Մարտունիում բերման են ենթարկել, ասել են՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով»,- պատմել է Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ Հակոբյանի մեքենայի եւ անձնական զննության արդյունքում որեւէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել, սակայն նրան միեւնույն է տարել են ոստիկանության բաժին ու 3 ժամ պահել։
Մկրտչյանի պպնդմամբ՝ իրենց աջակցին բաց են թողել միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը Չարենցավանից հեռացել է։
«Մենք հրավիրում ենք միջազգային դիտորդների ուշադրությունը եւ խնդրում այս ապօրինությունները կանխելու համար քայլեր ձեռնարկել»,- նշել է Մկրտչյանը։