ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար՝ այն անվանելով «լրտեսական գործունեություն»։
«Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես՝ 300 000 ադրբեջանցիների վերադարձի՝ գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը»,- նշել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, և նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում «որպես լրտես, որպես հոսանքի գող և որպես փող լվացող»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իրենց իշխանության օրոք 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու մասին հարցին, հայտարարել էր, որ դա սուտ է:
Չնայած Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկվում, Ադրբեջանը շարունակում է այդ խոսույթը առաջ մղել։
Նշենք, որ մինչև 1939 թվականը Խորհրդային Միության տարածքում, այդ թվում՝ Հայաստանի, թյուրքախոսների համար «ադրբեջանցի» եզրույթը պաշտոնապես փաստագրված չէր։
Այս ժողովրդի համար «ադրբեջանցի» եզրույթը՝ որպես էթնանվանում, առաջին անգամ օգտագործվել է միայն 1939 թվականին՝ ԽՍՀՄ համընդհանուր մարդահամարի ժամանակ։ 1939-ի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների թիվը կազմում էր 130 հազար, իսկ 1979-ի մարդահամարի տվյալներով՝ 160 հազար։ Այսինքն՝ Հայկական ԽՍՀ-ում երբեւէ 300 հազար «ադրբեջանցի» չի բնակվել։ Եվ ավելին՝ մարդահամարի ժամանակ մուսուլման այլազգիներին եւս գրանցում էին որպես ադրբեջանցի։
Լուսանկարը՝ 2021 թ․/ՀՀ վարչապետի աշխատակազմի