1sxc7tfaafotdbivd8eitw3soonatxj2uqqswpxs

ՀՀ-ում մեկնարկել է բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտի աննախադեպ բարեփոխում. Համբարձում Մաթևոսյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետությունում սկսվել է բնության հատուկ պահպանվող տարածքների լայնածավալ բարեփոխում, որի նպատակն է արդիականացնել բնապահպանական քաղաքականությունը և այն դարձնել ավելի արդյունավետ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ ոլորտը տարիներ շարունակ գործել է գործող իրավական կարգավորումների շրջանակում, որոնք այլևս ամբողջությամբ չեն համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին։ Նրա խոսքով՝ կայացվել է հստակ քաղաքական որոշում՝ բնության պահպանությունը դարձնել պետական առաջնահերթություն՝ այն կապելով համայնքների զարգացման, տնտեսական հնարավորությունների և ապագա սերունդների շահերի հետ։

Նախարարի փոխանցմամբ՝ նոր փոփոխություններով առաջին անգամ համայնքներին հնարավորություն է տրվում ստեղծել տեղական նշանակության պահպանվող տարածքներ և մասնակցել դրանց կառավարմանը։ Սա, ըստ նրա, կարևոր քայլ է, քանի որ բնության պահպանության գործընթացում համայնքներն այսուհետ դառնում են լիարժեք գործընկերներ։

Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ բարեփոխումները նոր հնարավորություններ են ստեղծում համայնքների զարգացման համար՝ հատկապես էկոզբոսաշրջության և բնապահպանական նախաձեռնությունների ուղղությամբ։ Միաժամանակ հստակեցվում են պահպանվող տարածքների կառավարման կանոնները, ներդրվում են միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ և ուժեղացվում է բնական արժեքների պահպանության համակարգը։

Նրա խոսքով՝ իրականացվող քայլերը թույլ կտան ոչ միայն արդիականացնել ոլորտը, այլ նաև ապահովել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների առավել արդյունավետ կատարումը կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։

«Մեր նպատակը մեկն է՝ ունենալ զարգացող երկիր, որտեղ տնտեսական առաջընթացը համատեղվում է բնության պահպանության և խաղաղ ապագայի հետ»,-նշել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն