etelweyvtnjrplfek74mhfatacjxyzlyq3jxewb8

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հնարավորությանը | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին, թե արդյոք Ռուսաստան դիտարկո՞ւմ է միակողմանիորեն չեղարկել Հայաստանի հետ համաձայնագրերը գազի արտոնյալ մատակարարումների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը գնում է եվրաինտեգրման ճանապարհով։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին խնդրել է այդ հարցն ուղղել «Գազպրոմ»-ին՝ շեշտելով, որ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթի են։

«Դա «Գազպրոմ»-ին է պետք հարցնել, ինձ չեղարկման մասին ոչինչ հայտնի չէ։ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթ ունեն։ Այնտեղ արտոնյալ գին կա, այն կարող է ավելի բարձր լինել, կարող է ավելի ցածր լինել, այն կարող է վերանայվել, և կորպորացիաները կարող են դնել այս հարցը։ Սա կորպորատիվ հարց է, և այդ հարցով պետք է դիմել «Գազպրոմ»-ին», – ասել է Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ արտոնյալ գինը, որով Հայաստանը գազ է ստանում, օգնություն է Ռուսաստանի կողմից։

«Արտոնությունը միշտ արտոնություն է ինչ-որ մեկի հաշվին։ Այսինքն, այն արտոնությունը, որ ստանում է Հայաստանը, այն միշտ ինչ-որ մեկի հաշվին է, այն երկնքից չի ընկել։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման մեջ։ Արտոնությունները կապված են նրա հետ, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար եղբայրական ժողովուրդ է։ «Այդ երկիրը մեզ համար եղբայրական երկիր է, այն եղել և մնում է եղբայրական, բայց դա մեր հաշվին է, պետք է իրերը իրենց անուններով կոչել։ Դա մեր օգնությունն է Հայաստանին»,- ասել է Պեսկովը։

2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրերով Ռուսաստանն այս պահին Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177.50 դոլարով։ Եվրոպայում, օրինակ, ռուսական գազի շուկայական գինը 1000 խորանարդ մետրի համար 633 դոլար է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրեր առաջ անդրադառնալով ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման թեմային, հայտարարել էր, որ նման բան չի կարող լինել, քանի որ Ռուսաստանի հետ կան գործող համաձայնագրեր, որոնք պետք է պահպանվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն