ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ–ի դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացին մարմնի միջից թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ է հանել։ Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից։
«Քաղաքացին ՔԿՀ է եկել մայիսի 26-ին՝ ժամը 13։05-ի սահմաններում, ծառայողներն էլ նկատել են, որ նա դրսևորել է կասկածելի վարքագիծ: Տեսահսկման համակարգի միջոցով հետևել և նկատել են, որ քաղաքացին փորձում է իր մարմի միջից հանել և ինչ-որ առարկա փոխանցել դատապարտյալին։ Ծառայողները, անմիջապես մտնել են սենյակ և նկատել փաթեթ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում առկա է ևս 8 առանձնացված փաթեթ։
Փաթեթներում եղել է թմրամիջոցների նմանվող 29,26 գրամ դեղնականաչավուն զանգված, 6,80 գրամ սպիտակ, փոշենման զանգված և 2,50 գրամ դեղնավուն, խեժանման զանգված։
Քաղաքացին ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն»,– նշված է հաղորդագրությունում։