IMG_3739

«Անկախ դիտորդ»-ի և իր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ մեղադրանքների, ճնշումների և գրաքննության փորձն անընդունելի է. հայտարարություն

«Անկախ դիտորդ» դաշինքը անկողմնակալ է ընտրական սուբյեկտների նկատմամբ, սակայն չեզոք և անտարբեր չէ ընտրախախտումների և ժողովրդավարության սպառնալիքների նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքը։

««Անկախ դիտորդը» բարձրաձայնում և իրավական հետևանքներ է պահանջում բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնց մասին վկայություններ է ստանում մեկից ավելի աղբյուրից։ Բարձրաձայնման, հաղորդումների և հայտարարությունների նպատակն այդ դեպքերի ամբողջական քննությունն է և նմանատիպ դեպքերի կանխումը։ Բնական է, որ ընտրական գործընթացի առանձին սուբյեկտների Անկախ դիտորդի գնահատականների ընկալումը պայմանավորված է սեփական քաղաքական շահերով և կողմնապահությամբ, սակայն «Անկախ դիտորդ»-ի և իր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ մեղադրանքների, ճնշումների և գրաքննության փորձն անընդունելի է։

Անկախ դիտորդը կոչ է անում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Դանիել Իոաննիսյանի կողմից հնչեցրած հարցի հիման վրա նրա անաչառությունը կասկածի տակ դնելու փոխարեն նպաստել իրականության բացահայտմանը։

Անկախ դիտորդ դաշինքը հորդորում է Միասնության թևեր կուսակցության ղեկավար Արման Թաթոյանին` չնենգափոխել իր քաղաքական ուժի ֆինանսական միջոցների աղբյուրների վերաբերյալ հարցապնդումները։ Դոսյե կենտրոնը համարվում է վստահելի հետաքննական աղբյուր, որի կողմից նշված փաստական հանգամանքները Անկախ դիտորդ դաշինքը համարում է արժանահավատ և ստուգման ենթակա։

Անկախ դիտորդի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դիտորդական չեզոքությունը խախտելու մեջ հանիրավի մեղադրելու փոխարեն հորդորում ենք Արման Թաթոյանին բացահայտել իր ուժի ֆինանսավորման աղբյուրները և ապացուցել, որ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։

Դատապարտում ենք դիտորդական առաքելության թիրախավորումը։

Հաստատակամորեն շարունակելու ենք ընտրախախտումների, ժողովրդավարական հիմնարար ինստիտուտի՝ ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը խարխլող ցանկացած դրսևորման կանխարգելման և բացահայտման ջանքեր գործադրելը։

Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքների պաշտպանությանը անկախ նրանից, թե որ առանձին քաղաքական միավորի ապօրինի շահերին է դա վնասում»,- նշված է հաղիրդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն