Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հետ վեճից հետո ձերբակալված, ապա կալանավորված և այժմ ներողության պահանջով հացադուլ անող արցախցի Արթուր Օսիպյանի վերաբերյալ հարցին։
«Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել ա, Ղարաբաղի հարց ա առաջ տանում, որտեղ ա եղել ինքը պատերազմի ժամանակ։
Նա պիտի ներողություն խնդրի և իր նման պսևդոէլիըտայի ներկայացուցիչները։ Գիտեք՝ մենք չգիտե՞նք իր և Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Ձեզ թվում ա՝ մենք միամի՞տ ենք»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ Օսիպյանը և պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ պրոցեսը և Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ։
Ինքը և իր նմանները, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային, նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահել մի հատ Ղարաբաղում Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ պատանդ են պահում Հայաստանում։
Իրենք էլ չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ուրիշներին էլ հորդորում են, որ չդիմեն»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Օսիպյանը շարունակում է հացադուլը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։