news.am ՆԱՏՕ-ն կամրապնդի իր արևելյան թևի պաշտպանությունը՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում Էստոնիայում և Լատվիայում դաշնակցային զորքերի հրամանատարությունը փոխանցելով գերմանա-հոլանդական կորպուսին, հինգշաբթի հայտարարել են Գերմանիան և Նիդեռլանդները, հայտնում է Reuters-ը։
Բալթյան բոլոր երեք երկրներում, ինչպես նաև Լեհաստանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ուժերը ներկայում գտնվում են միասնական բազմազգ շտաբի հրամանատարության ներքո։ Հրամանատարական երկրորդ գոտու ստեղծումը կարող է Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավորություն ընձեռել ավելի շատ զորքեր ուղարկել Բալթյան երկրներ, որոնք առավել ենթակա են Ռուսաստանի պոտենցիալ հարձակման ռիսկին։
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Մոսկվան կարող է դաշնակիցների տարածքի վրա լայնածավալ հարձակում ձեռնարկել արդեն 2029 թվականին, եթե շարունակվեն նրա սպառազինման ջանքերը, սակայն Կրեմլը հերքում է այդ մտադրությունը։ Հինգշաբթի հայտարարված և այս շաբաթվա սկզբին Reuters-ի հրապարակած փոփոխություններն ընդգծում են Բալթյան երկրների ռազմավարական նշանակությունը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։
«ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերում գերմանա-հոլանդական կորպուսի ինտեգրմամբ՝ երկու երկրներն էլ լրացուցիչ պատասխանատվություն են ստանձնում Եվրոպայի անվտանգության համար»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ հավելելով, որ կորպուսի կազմում ընդգրկված են 16 երկրներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում