Իրանը դեմ է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ներկայությանը. ԱԳՆ | civilnet.am

Իրանը դեմ է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ներկայությանը. ԱԳՆ | civilnet.am

civilnet.am Իրանը դեմ է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ներկայությանը և հիշեցնում է տարածաշրջանի անվտանգության հարցում Իրանի հստակ դիրքորոշման մասին. այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին ISNA գործակալության հետ զրույցում։

Բաղաեին, ողջունելով տարածաշրջանի տնտեսական կապերի զարգացման ու հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գաղափարը, միևնույն ժամանակ խիստ կասկածամտորեն է վերաբերվել Միացյալ Նահանգների ներկայությանը և այն ապակայունացնող համարել։

«Հարավային Կովկասը Իրանի անմիջական հարևանն է, և Իրանը տարածաշրջանի տնտեսական զարգացումը, կայունությունն ու խաղաղությունը իր ազգային շահերին համահունչ է համարում։ [Հետևաբար] Թեհրանը քանիցս հայտարարել է, որ Հարավային Կովկասի զարգացումներում արտատարածաշրջանային դերակատարների ապակառուցակողական միջամտությունը լուրջ մարտահրավեր է նետում այդ պետությունների հասարակության շահերին, կայունությանն ու խաղաղությանը, ինչը որևէ լավ բանի չի հանգեցնի», – նշել է իրանցի պաշտոնյան:

Էսմայիլ Բաղաեիի խոսքերը հնչում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մայիսի 26-ի երևանյան այցից հետո, երբ ի թիվս այլ պայմանավորվածությունների, ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն