armenpress.am Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերի վերաբերյալ։
Գործակալությունը, հղում անելով արևմտյան հետախուզական և կառավարական պաշտոնյաների, գրում է, որ Ռուսաստանն ակտիվացրել է ջանքերը Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը կանխելու համար՝ վախենալով, որ դա կարող է ամրապնդել Հայաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք։
«Համաձայն արևմտյան հետախուզության 5 աշխատակիցների հետ հարցազրույցների և փաստաթղթերի, որոնք տեսել է Reuters գործակալությունը, հունիսի 7-ին ընդառաջ Մոսկվայի գործողությունները ներառում են ապատեղեկատվական արշավը՝ hաջակցություն պրոռուսական թեկնածուների և Ռուսաստանից տասնյակ հազարավոր հայերի Հայաստան տեղափոխելու համարձակ ծրագիրը՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար»,- գրում է գործակալությունը։
Reuters-ը գրում է, որ դեպի ծով ելք չունեցող, 3 միլիոն բնակչությամբ Հայաստանը սառը պատերազմի տարիներից ի վեր հիմնականում գտնվել է Մոսկվայի ուղեծրում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հարցումների համաձայն՝ առաջատարն է առաջիկա ընտրություններում, մտերմացել է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ՝ դառնալով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը, որն էլ իր հերթին արդեն աջակցություն է հայտնել Փաշինյանին։
Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելել էր Երևան, որտեղ համաձայնագիր էր ստորագրել օգտակար հանքանյութերի, ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կարող է ավելի թուլացնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը։
Reuters-ը նաև հիշեցրել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, 2024 թվականից էլ կասեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր մասնակցությունը՝ շեշտադրելով նաև այն, որ այս ամսվա ընթացքում Հայաստանում հյուրընկալվել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի թաքցնում իր դժգոհությունը Փաշինյանի շրջադարձի առնչությամբ։ Վերջին օրերին Մոսկվան զգուշացրել է, որ Հայաստանը ռիսկի է դիմում՝ կորցնել բնական գազի էժան մատակարարումները, ինչպես նաև սահմանափակել է հայկական արտադրանքների ներմուծումը՝ ներառյալ մրգերը, բանջարեղենը, ծաղիկներն ու կոնյակը։ Արևմտյան երեք չինովնիկի խոսքով՝ Մոսկվայի ենթադրյալ թեկնածուն Սամվել Կարապետյանն է, միլիարդատեր, որն անցնում է դատական պրոցեսներով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով»,- գրում է գործակալությունը՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը հերքում է Ռուսաստանից աջակցություն ստանալու վերաբերյալ մեղադրանքները։
Reuters-ը զրուցել է Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետ, որն ասել է, որ Կարապետյանը ոչինչ չգիտի Ռուսաստանից աջակցության մասին։ «Եվրոպան վաղուց Ռուսաստանին մեղադրում է այլ երկրների ընտրություններին միջամտելու մեջ, վերջին շրջանում՝ Մոլդովայի և Հունգարիայի ընտրություններին։ Ռուսաստանն էլ պնդում է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն խառնվում են իր սահմաններին մոտ երկրների գործերին, որպեսզի նրանց տանեն Արևմուտքի ազդեցության գոտի։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն տալու վերաբերյալ մեր հարցմանը չի պատասխանել, սակայն հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի ներքին գործերին Ռուսաստանի խառնվելու մասին պնդումները «լրտեսական մոլուցք» են»,- գրում է գործակալությունը։
Նշվում է նաև, որ Հայաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը հրաժարվել է մեկնաբանել հոդվածում նշված կոնկրետ մեղադրանքները, սակայն ներկայացրել է ապատեղեկատվության դեմ պայքարի և ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։
Ռուսաստանից ընտրողների տեղափոխումը
Գործակալությունը գրում է, որ հոկտեմբերին Կրեմլում ստեղծվել է վարչություն՝ հայտնի որպես Ռազմավարական համագործակցության և գործընկերության տնօրինություն, որը, գործակալության 4 անանուն աղբյուրների խոսքով, համակարգում է Հայաստանում ազդեցության հասնելու օպերացիան։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ գործակալության 5 աղբյուրների խոսքով՝ վերջին ամիսներին ՌԴ պաշտոնյաները քննարկել են Ռուսաստանում ապրող հայերին Հայաստան տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի վերջիններս քվեարկեն ընտրություններում Փաշինյանի հակառակորդների օգտին։ Reuters-ը նշում է, որ հայերն աշխարհով մեկ մեծ սփյուռք ունեն՝ ներառյալ Ռուսաստանում, որտեղ հայերի թիվը, որոշ գնահատականներով, գերազանցում է 2 միլիոնը՝ հիշեցնելով, որ հայերին արգելված է արտերկրից քվեարկությանը մասնակցելը։ Հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, որը ցանկացել է անանուն մնալ, այն մարդկանց թիվը, որոնց Մոսկվան կարող էր հաջողությամբ Հայաստան տեղափոխել, քննարկման առարկա է հետախուզական հանրության շրջանում։
Նշվում է, որ հայերը պարբերաբար Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ են տեղափոխվում և օրական տասնյակ չվերթներ են իրականացվում։ Գործակալության երեք աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանի իշխանությունները գնահատել են, որ 100 հազար ընտրողների տեղափոխումը կարժենա մոտ 50 միլիոն դոլար։
Նշվում է, որ մայիսի կեսերին Կրեմլը քվոտաներ է սահմանել, թե որ հայերին որ տարածաշրջան է պետք ուղարկել, իսկ ադմինիստրատորներին խնդրել է հաշվետվություն ներկայացնել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ «Reuters գործակալությունը չի կարողացել պարզել՝ իրականացվո՞ւմ է արդյոք այդպիսի պլան կամ դա բավարա՞ր է, որպեսզի կրճատի ընտրություններում առաջատար թեկնածուների միջև տարբերությունը»,- նշում է գործակալությունը՝ հավելելով, որ մայիսին անցկացված հարցման արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ձայների շուրջ 30 տոկոսը և առաջին տեղում է, իսկ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը հավաքում է ձայների շուրջ 6 տոկոսը՝ զգալիորեն հետ մնալով մրցակցությունից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում