Արթուր Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը հրապարել է կալանավորված Օսիպյանի կոչը հանրությանը.
«Հացադուլի 11-րդ օր։
Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացրել այն բոլոր արցախցիների նկատմամբ։
Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան` պաշտպանելով մեր հայրենիքը։ Տասը ամիս մնալով լիակատար շրջափակման մեջ և ենթարկվելով Ադրբեջանի կողմից ևս մեկ ռազմական ագրեսիայի՝ առանց օգնություն ստանալու ո՛չ խաղաղապահ ուժերից, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններից, ստիպված լքել են Արցախը, որպեսզի փրկեն 30 000 սովի առջև հայտնված երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Եվ սա Նիկոլ Փշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր։
Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է։ Կոչ եմ անում բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում»,- նշված է Օսիպյանի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել. «Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»,–ասել էր Փաշինյանը։
Օսիպյանը նույն օրը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածանքով, ապա նաև կալանավորվել երկու ամսով։
Նա կալանավայրում հացադուլ է հայտարարել և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։