azatutyun.am Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու վերաբերյալ։
Էդմոն Մարուքյանը պնդում է, որ անկախ դիտորդական առաքելության անդամ Իոաննիսյանն անաչառ չէ ու հակաքարոզչությամբ է զբաղված:
Դանիել Իոաննիսյանն օրերս Մարուքյանին ներկայացրել էր որպես ռուսական գործակալ՝ հղում անելով ռուսալեզու Хроника Кавказа-ի հրապարակմանը: Չբացահայտելով իր աղբյուրները՝ այդ կայքը պնդել էր, թե հայաստանյան ընտրություններին մասնակցող մի շարք ուժեր, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը», կապեր ունեն Մոսկվայի հետ: Հայաստանյան «Ֆակտոր»-ն, իր հերթին, բացահայտել էր, որ Хроника Кавказа-ի փաստաթղթերը, որոնց հղում էր արել Իոաննիսյանը, ապացույցներ չունեն, հեղինակներն էլ իրական մարդիկ չեն:
Դանիել Իոաննիսյանը հրապարակավ կասկածներ էր հայտնել նաև «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի վերաբերյալ՝ այս անգամ էլ հղում անելով «Դոսյե» կայքի հրապարակմանը: Թաթոյանն էլ իր հերթին է հերքում այս մեղադրանքները:
Իոաննիսյանը պնդում է՝ որևէ խախտում թույլ չի տվել: