armenpress.am «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանկաներում մայիսի 31-ին եղել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն մտել է գործնական իրագործման փուլ։
«Դուք տեղյակ եք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կարճ այցով եկավ Հայաստան և Հայաստանի արտգործնախարարի հետ ստորագրեց ԹՐԻՓՓ նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագիրը։ Եվ այդ այցը, որը ի սկզբանե պլանավորված չէր և դրա բնույթը, որ այդ թուղթը նախաստորագրելու համար ընդամենը մեկ ժամով Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ, պետք է ընդգծի տեղի ունեցածի կարևորությունը»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը շատ կարևոր էր նաև ներքաղաքական իմաստով։
«5 տարի շարունակ մեզ մեղադրում էին, որ մենք ինչ-որ մեկին միջանցք ենք խոստացել, միջանցք ենք տալու կամ տալիս ինչ-որ մեկին։ Ստորագրված փաստաթուղթը, ի վերջո, այդ երբևէ գոյություն չունեցած թեման դուրս բերեց օրակարգից։ 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո այդ թեման անընդհատ շրջանառվում է, և ես 2020 թվականի նոյեմբերին եմ անդրադարձել այդ թեմային՝ ասելով, որ այդպիսի բան պարզապես չի կարող լինել։ Եվ ահա Միացյալ Նահանգների հետ նախաստորագրված համաձայնագրի նախագծում ոչ միայն ընդգծվում է, որ ԹՐԻՓՓ նախագիծը իրագործվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, այլև լրացուցիչ պարբերություն է ավելացել, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը ԹՐԻՓՓ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ ԹՐԻՓՓ նախագծով Հայաստանի միջազգային դերակատարումն ավելի է բարձրանալու՝ հիշեցնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումն այն մասին, որ ԱՄՆ-ն ԹՐԻՓՓ-ը դիտարկում է որպես Արևելքից Արևմուտք էներգակիրների տարանցման կարևոր երթուղի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում