Մեր հորդորն է՝ չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ․ ՀԿԿ նախագահ

Մեր հորդորն է՝ չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ․ ՀԿԿ նախագահ

«Մեր հորդորն է՝ չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ, չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից», – այս մասին հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նահապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի ընդլայնված նիստ:

Արթուր Նահապետյանը Կոմիտեի ծառայողներին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ՝ ընդգծելով վերջին ժամանակահատվածում աշխատանքային գերծանրաբեռնվածության, կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ տարվող ամենօրյա պայքարի կարևորությունը և այդ կապակցությամբ ներկայացրել որոշակի վիճակագրական տվյալներ:

Նա, մասնավորապես, նշել է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից Կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ, որոնցով մինչ օրս քրեական հետապնդումներ են հարուցվել 120 անձի նկատմամբ, ձերբակալվել է նրանցից 110-ը։ Նախաձեռնված վարույթներից 8-ը՝ 34 անձի վերաբերյալ շատ կարճ ժամանակահատվածում ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան:

Արթուր Նահապետյանի խոսքով՝ ընտրական հանցագործությունների դեմ պայքարին զուգահեռ, Կոմիտեն հատկապես կարևորում է այդ հանցագործությունների նախականխումը և կանխարգելումը, հանրության շրջանում ընտրակաշառքի և առհասարակ ընտրական հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերմունքի ձևավորումը. «Մեր առաջիկա անելիքները շատ են ու չափազանց կարևոր ընտրական պրոցեսներում մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքն ապահովելու հարցում: Մենք վստահ քայլերով պետք է շարունակենք առավելագույն ջանք դնել, որպեսզի Հանրապետության ողջ տարածքում նվազագույնի հասցվեն պետության հիմքերը խարխլող ընտրական հանցագործությունները՝ ապահովելով դրանց բացահայտման բարձր ցուցանիշներ»,- ասել է Կոմիտեի նախագահը:

Ըստ Արթուր Նահապետյանի՝ Կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումները ամենօրյա ռեժիմով շարունակում են հաղորդումներ ներկայացնել և նախաքննական մարմնին փոխանցել իրենց կատարած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Այդ բացահայտումների թիվը, ըստ Կոմիտեի նախագահի, առաջիկա օրերին ոչ թե նվազելու է, այլ նոր թափ է ստանալու, ինչը նախաքննական ստորաբաժանումների համար պահանջում է ուժերի լրացուցիչ վերաբաշխում և գերլարում.

«Մենք արդեն իսկ տեսել և բացահայտել ենք ընտրակաշառքի տրամադրման տարբեր սխեմաներ, որոնք հանրայնացվել են:

Նման դեպքերի բացահայտումից և հանրայնացումից հետո հանցավոր խմբերի կողմից մշակվել են նոր մեխանիզմներ, քողարկման նոր եղանակներ, որոնք, սակայն, չեն կարող դուրս մնալ մեր տեսադաշտից:

Ավելին՝ առաջիկայում ունենալու ենք նոր աղմկահարույց բացահայտումներ, այդ թվում՝ այնպիսի հանցավոր սխեմաների մասով, որոնցում իրենց ակտիվ ներգավվածությունն ունեն նաև բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Հետևաբար, այս հանցավոր գործընթացի մաս կազմող շրջանակներին կարող է թվալ, որ եթե մինչ այս պահը պատասխանատվության չեն կանչվել, ուրեմն կարողացել են դուրս մնալ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունից։ Դա բնավ այդպես չէ, քանի որ մենք լիարժեք տիրապետում ենք օպերատիվ իրավիճակին, և շատ դեպքերում անհապաղ ձերբակալությունների չդիմելու պատճառը պայմանավորված է հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակի և կիրառվող մեխանիզմների ամբողջական բացահայտման անհրաժեշտությամբ և կարևորությամբ։

Իրավական արձագանքը լինելու է անխուսափելի՝ թե՛ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, թե՛ ընտրության օրը, և թե՛ դրանից հետո»,-նշել է Արթուր Նահապետյանը:

Կոմիտեի նախագահը հորդորել է չտրվել որևէ ապօրինի ազդեցության, չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ և չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից կամ աջակցող՝ միաժամանակ կոչ անելով չվտանգել սեփական ազատությունն ու ապագան՝ կարճաժամկետ շահի կամ կեղծ խոստումների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն