capture

Սիրելի՛ երեխաներ, ճանաչե´ք ձեր իրավունքները, ազատ արտահայտե´ք ձեր կարծիքը․ ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները և մասնակցության իրավունքը։

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված՝ ընտանիքում, կրթական և այլ հաստատություններում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։

Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում և նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման և գործողության հիմքում։

Սիրելի՛ երեխաներ,

Դուք իրավունքների լիարժեք կրողներ եք։ Ճանաչե´ք ձեր իրավունքները, իրավական ու էթիկական սկզբունքները նկատի ունենալով` ազատ արտահայտե´ք ձեր կարծիքը և ակտիվ մասնակցություն ունեցե´ք ձեզ վերաբերելի հարցերի քննարկման ու որոշումների կայացման գործընթացներին։ Ձեր անվտանգ, արժանապատիվ և ներդաշնակ զարգացումը յուրաքանչյուր ժողովրդավարական և իրավունքահեն հասարակության կարևորագույն նախապայմաններից է։

Սիրելի´ գործընկերներ ու քաղաքացիներ,

Այս օրը նաև կոչ է բոլոր մեծահասակներին՝ առավել պատասխանատու և հետևողական լինելու երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ու ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա զարգանալու, կրթվելու, ստեղծագործելու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն։

Սիրելի´ երեխաներ,

Մաղթում եմ ձեզ խաղաղ, անվտանգ և երջանիկ մանկություն, առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններով լի ճանապարհ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն