aravot.am «Պարզվում է՝ ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, կարելի է Նիկոլ Փաշինյանին, և միջազգային շատ գործընկերներ պատրաստվում են սրա վրա աչք փակել»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։ Հիշեցնում է՝ 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը երրորդ անգամն էր առաջադրվում վարչապետի պաշտոնում, երիտասարդները ակցիա արեցին՝ դրամահավաք կազմակերպեցին․ «Որպեսզի նա գումար ունենա և գնա թոշակի։ Եթե պետք լինի, մի դրամահավաք էլ հիմա կկազմակերպենք, որ ինքն էլ (Նիկոլ Փաշինյանին – խմբ․) թողնի, գնա թոշակի։ Արդեն երկու ժամկետ կառավարել է, դժվար թե նրա երևակայությունը կամ ուժերը հերիքեն՝ ինչ-որ նոր բան ստեղծելու»։
Խնդիրը վերաբերում է վերջերս հրապարակված այն սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը 65 տոկոս ձայն ունեն հունիսի 7-ի ընտրություններում։ Հայկական սոցիոլոգիական ընկերության այդ հարցումները հրապարակվել էին «Եվրոնյուզով»։ Եվ «Բրեվիս» ընկերությունը հերքում տարածեց, որ մայիսի 31-ին EuroNews-ով հրապարակված, և հայկական որոշ ԶԼՄ-ներում արտատպված հոդվածում տեղ գտած սոցհարցման արդյունքները, որոնցում հղում է կատարվում «Բրեվիս» ընկերությանը, «չեն արտացոլում մեր կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները»։
«Մենք սա համարում ենք պրոպագանդա, որ մարդիկ մտածեն, թե իշխանությունն արդեն հաղթել է ու չգնան ընտրությունների»,- ասաց «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը և հորդորեց՝ մինչև ընտրությունները որևէ սոցիոլոգիական հարցման չհավատալ, անպայման գնալ ընտրության և սեփական քվեով ձևավորել սեփական իշխանությունը։ Նա հույս ունի, որ դա չի լինի ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդ ջան, դուք լո՞ւրջ եք։ Այսինքն, ձեր Նիկոլին համեմատում եք Անգելա Մերկելի հետ, որը ծառայություններ է մատուցել ինչպես Գերմանիային, այնպես էլ ամբողջ Եվրոպային՝ դառնալով Եվրոպայի երկրորդ «երկաթյա լեդին»,- սա էլ Կարպիս Փաշոյանի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր երրորդ անգամ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը համեմատում են եվրոպական պետությունների ղեկավարների, մասնավորաբար՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնավարման ժամկետների հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում