arm.sputniknews.ru Իրանը, ի նշան բողոքի, ամբողջությամբ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ միջնորդավորված նամակագրությունն ու հաղորդագրությունների փոխանակումը։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը` հավելելով, որ ԻԻՀ իշխանությունների այս որոշման պատճառը Լիբանանում և Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների ակտիվացումն է ու ձեռք բերված հրադադարի խախտումը։
Ըստ գործակալության` քանի որ Լիբանանի իրավիճակի հանդարտեցումը եղել է հրադադարի հիմնական նախապայմաններից մեկը, իսկ այժմ այդ պայմանը խախտված է բոլոր ուղղություններով, իրանական կողմը չեղարկում է միջնորդների միջոցով ընթացող ցանկացած շփում։
«Իրանի պաշտոնյաներն ու բանակցողները շեշտել են Գազայում և Լիբանանում սիոնիստական ռեժիմի բանակի ագրեսիվ և դաժան գործողությունների անհապաղ դադարեցման, ինչպես նաև Լիբանանի օկուպացված տարածքներից ռեժիմի լիակատար դուրսբերման անհրաժեշտությունը։ Քանի դեռ Իրանի և դիմադրության պահանջներն այս հարցում չեն կատարվել, որևէ բանակցություն չի իրականացվի»,- նշում է լրատվամիջոցը։